Logo

Եղիշե Մելիքյան. «Ես և Հարոյանը գրկախառնվելով ենք բաժանվել, մեր միջև կոնֆլիկտ չկա»

19:13 / 04.07.2025Ֆուտբոլ
null

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Ֆասթ Սպորտ»-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանի հետ զրույցում անդրադարձել է մամուլում տարածված այն տեղեկությանը, թե իբր իր և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանի միջև կոնֆլիկտ կա:

«Վարազդատ Հարոյանն ինձ համար Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, բայց երբ ավարտվեց մրցաշրջանը, ես նրան անկեղծորեն ասացի, որ այն խաղամակարդակը, որն ինքն է ապահովում այս պահին, և այն ֆուտբոլը, որը ես եմ ցանկանում կառուցել «Փյունիկում», իրար չեն համապատասպանում:

Սա ֆուտբոլ է, և նման որոշումները նորմալ ու տրամաբանական են: Ես Վատոյին ասացի, որ եթե ցանկանում է, կարող է մնալ թիմում, բայց ես չեմ խոստանում մշտական խաղաժամանակ: Եվ քանի որ նա ազգային թիմի ավագն է, ես չեմ ցանկանա, որ Հարոյանը խաղերից առաջ մնա առանց պրակտիկայի: Ինքն էլ համաձայն էր ինձ հետ:

Այս տարիների ընթացքում չի եղել այնպիսի հայ ֆուտբոլիստ, որի հետ ես կոնֆլիկտ ունենամ: Հիմա որոշ լրագրողներ ասում են, թե ես կոնֆլիկտ եմ ունեցել Հարոյանի հետ: Այսպես կասեմ. ես և Հարոյանը գրկախառնվելով ենք բաժանվել ու շատ ընկերական:

Ինչո՞ւ են խոսում կոնֆլիկտի մասին. հավանաբար ինտրիգ են փնտրում, որպեսզի ասեն, որ Մելիքյանը կոնֆլիկտային մարդ է: Յուրաքանչյուր լրագրող իրավունք ունի իր աշխատանքը կատարելու, բայց ոչ ոք իրավունք չունի սուտ ու կեղծ լուրեր տարածելու, որոնք ընդհանրապես իրականությանը չեն համապատասխանում: Առայժմ այսքանը»,- ասել է հայ մասնագետը:

Ավելի վաղ Մելիքսեթյանը գրել էր, որ Հարոյանը «Փյունիկի» հետ չի մեկնել Վրաստանի հավաքին: 32-ամյա ֆուտբոլիստը կարող է վարձավճարով այլ ակումբ տեղափոխվել: Տարբերակներից մեկը Երևանի ԲԿՄԱ-ն է:

Հիշեցնենք, որ «Փյունիկի» սան Հարոյանն իր հարազատ ակումբ էր վերադարձել այս տարվա հունվարի 24-ին:

fastnews-ads-banner