Logo

Ե՞րբ է Հայաստանի հավաքականը մոտ եղել Մունդիալի ուղեգրին

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
15:10 / 14.11.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականը երբեք չի նվաճել խոշոր մրցաշարի կամ նույնիսկ անցումային փլեյ-օֆֆի ուղեգիր: Բայց արդյոք երբեք մոտ չի՞ եղել դրան...

Աշխարհի առաջնությունը ֆուտբոլի գլխավոր իրադարձությունն է: Իհարկե, առաջին հերթին պատճառը 4 տարին մեկ անցկացվելու հետ է կապված. սպասելիքները հսկայական են դառնում: Նույնիսկ ամենաբարձր մակարդակի թիմերի ղեկավարներ կամ մարզիչներ, խոսելով իրենց թիմերի շանսերի մասին, նշում են՝ առաջնային է այնպես աշխատել, որ թիմը շանս ունենա իր խնդիրը լուծելու: Իսկ ահա կհաջողվի՞, թե՞ ոչ, դա արդեն, կազմակերպիչ երկրներից բացի, որևէ թիմի համար երաշխավորված չէ:

Պատմության ընթացքում Հայաստանի հավաքականը իսկապես մոտ եղել է Մունդիալի ուղեգիր նվաճելուն: FastNews-ը որպես հաշվարկի չափանիշ վերցրել է ընտրական փուլի վերջին 2 տուրերից առաջ շանսերի գնահատումը, որն ակտուալ էր օրեր առաջ: Ամբողջական պատկերի համար կներկայացնենք հայկական թիմի մասնակցած բոլոր Մունդիալների ընտրական փուլերում շանսերը.

ԱԱ-1998

Հայաստանի հավաքականը Մունդիալների ընտրական փուլին սկսել է մասնակցել Ֆրանսիայում կայացած առաջնության որակավորման փուլից: Մեկնարկային 7 խաղերից հետո Խորեն Հովհաննիսյանի գլխավորած թիմն ուներ ընդամենը 5 միավոր, որոնք գրանցվել էին հինգ ոչ-ոքիներից հետո: Ուշագրավ է, որ Հայաստանը տանը ոչ-ոքի էր խաղացել Պորտուգալիայի (0-0) հետ, իսկ մրցակցի հարկի տակ՝ Ուկրաինայի (0-0):

Եվ վերջապես 8-րդ տուրում գրանցվեց տնային հաղթանակ Ալբանիայի նկատմամբ՝ 3-0: Նման դեպքերում ուրախությունից նույնիսկ կարելի է նայել մրցաշարային աղյուսակին, սակայն վերջին 2 տուրերից առաջ Հովհաննիսյանը թիմն արդեն շանս չուներ բարձրանալ գոնե երկրորդ տեղ:

Վերջին երկու խաղերում էլ պարտություն գրանցվեց Գերմանիայից և Ուկրաինայից: Ուշագրավ է, որ Ուկրաինան այդ հաղթանակով կարողացավ շրջանցել Պորտուգալիային և անցումային փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել, իսկ պորտուգալացիների համար երևանյան ոչ-ոքին դարձավ որոշիչ:

ԱԱ-2002

Ճապոնիայում ու Հարավային Կորեայում կայացած Մունդիալի ընտրական փուլի մեկնարկից առաջ Վարուժան Սուքիասյանի գլխավորած Հայաստանի հավաքականը 6 ընկերական խաղ էր անցկացրել՝ մրցաշարին նախապատրաստվելու համար: Առաջին խաղում Օսլոյում Նորվեգիայի հետ գրանցվեց 0-0 հաշվով ոչ-ոքի, իսկ երկրորդում՝ Արթուր Պետրոսյանի հիասքանչ դուբլին 2 գոլով պատասխանեց Անդրեյ Շևեչենկոն և մեկով՝ Անդրեյ Գուսինը:

Վերջին երկու տուրից առաջ մաթեմատիկական շանսեր Սուքիասյանի թիմը չուներ: 5 միավոր 8 խաղում, որը խմբային փուլի ավարտից հետո ևս մնաց այդքան: Խմբի հաղթող Լեհաստանը վաղաժամ ապահովել էր առաջին տեղը, իսկ Ուկրաինան կրկին երկրորդն էր. կրկին նրա մրցակցին խանգարեց Հայաստանը: Այս անգամ այդ թիմը Բելառուսն էր: Ցավոք, Հայաստանը զբաղեցրեց վերջին տեղը:

ԱԱ-2006

Գերմանիայի Մունդիալից առաջ Հայաստանի հավաքականը ամբողջովին ձախողեց ընտրական փուլը: Բեռնար Կազոնիի գլխավորած թիմը սկսեց մրցաշար, որի խմբում ընդգրկված էր 12 թիմ, սակայն 7 տուրում նրա թիմը վաստակել էր 4 միավոր, և ֆրանսիացին հեռացվեց:

Նրան փոխարինած նիդերլանդցի Հենկ Վիսմանն անհաջողությունների դինամիկան չկարողացավ փոխել: Վերջին 2 տուրից առաջ Հայաստանի հավաքականն ուներ 4 միավոր և 20 միավորով հետ էր երկրորդ տեղից: Նույնիսկ վերջին տուրում Անդորրայի նկատմամբ հաղթանակը չփոխեց ընտրական փուլից տպավորությունը: Այն թույլ տվեց միայն խուսափել վերջին տեղից:

ԱԱ-2010

Երբ ընտրական փուլում հայտնվում ես Եվրոպայի նորընծա և աշխարհի ապագա չեմպիոն Իսպանիայի հետ, խմբում առաջին տեղի հարցը գործնականում փակվում է: Երկրորդ տեղը գրավելու համար հարկավոր էր այն Հայաստանի հավաքականը, որը հետագայում տեսանք, բայց ոչ 2008-2009 թվականների Յան Պոուլսենի թիմը: Հինգ խաղից հետո դանիացու թիմը 1 միավոր էր վաստակել. նա հեռացվեց: Նրան փոխարինեց Վարդան Մինասյանը, որի հաջողությունները լինելու էին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, իսկ ԱԱ-2010-ում ամեն ինչ կանխորոշված էր:

Նույնիսկ Բելգիային հաղթելուց հետո Հայաստանի հավաքականը վերջին երկու տուրից առաջ ուներ 4 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող բոսնիացիները՝ 16:

ԱԱ-2014

Հայաստանի հավաքականի «ոսկե սերունդի»՝ Մունդիալի ուղեգիր նվաճելու իրական շանսը 2012-13 թվականներին էր: Անհաջող մեկնարկից հետո Վարդան Մինասյանի թիմն արտագնա անմոռանալի հաղթանակների հասավ Դանիայի (4-0) ու Չեխիայի (2-1) նկատմամբ: Վերջին երկու տուրերից առաջ Իտալիան ուներ 20, Բուլղարիան՝ 13, Դանիան՝ 12, Չեխիան՝ 9, Հայաստանը՝ 9, իսկ Մալթան՝ 3 միավոր:

Վերջին երկու տուրերում Հայաստանին հարկավոր էր հաղթել Բուլղարիային ու Իտալիային: Երևանում Արաս Օզբիլիսի ու Յուրա Մովսիսյանի գոլերը հաղթանակ պարգևեցին բուլղարացիների նկատմամբ (2-1), իսկ Նեապոլում մեր թիմը շատ մոտ էր աշխարհի քառակի չեմպիոններին հաղթելուն: Գրանցվեց 2-2 հաշիվը:

Երկրորդ տեղի համար պայքարում որոշիչ դարձավ դանիացիների ոչ-ոքին Իտալիայի հետ և տնային հաղթանակը Մալթայի նկատմամբ: Եթե ավելի վաղ Հայաստանի հավաքականը տանը չպարտվեր նույն Մալթային, կարող էր ունենալ 16 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով գրավել երկրորդ տեղը:

ԱԱ-2018

Ընդամենը 4 տարի էր անցել նախորդ Մունդիալի ընտրական փուլից, բայց մեր թիմն անճանաչելի էր դարձել: Ընտրական փուլի մեծ մասը թիմն անցկացրեց Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, սակայն վերջին 2 տուրերին ներկայացավ Արմեն Գյուլբուդաղյանցի առաջնորդությամբ:

Վերջին երկու տուրերից առաջ հայկական թիմն ուներ 6 միավոր: Երկրորդ տեղում գտնվող Դանիան առաջ էր 10 միավորով, իսկ առաջատար Լեհաստանը՝ 13: Մաթեմատիկական շանս չկար, խաղով՝ առավել ևս:

ԱԱ-2022

Երբ թվում էր՝ Հայաստանի հավաքականը տևական ժամանակ չի կարող լրջորեն հավակնել Մունդիալի ուղեգրին, Խոակին Կապառոսի թիմը մեկնարկեց 3 խաղում 3 հաղթանակով:

Եթե Հայաստանի հավաքականը հաջորդ յոթ խաղում էլ 9 միավոր վաստակեր, դուրս կգար անցումային փլեյ-օֆֆ: Վերջին երկու տուրից առաջ Գերմանիան ուներ 21 միավոր, Ռումինիան՝ 13, Հայաստանը՝ 12, Հյուսիսային Մակեդոնիան՝ 12, Իսլանդիան՝ 8, իսկ Լիխտենշտայնը՝ 1 միավոր:

Նախավերջին տուրում Կապառոսի թիմը 0-5 հաշվով խայտառակ պարտություն կրեց հյուսիսմակեդոնացիներից, իսկ վերջին տուրում 1-4 հաշվով պարտվեց Գերմանիային:

****

Փաստացի, Հայաստանը երկու անգամ մոտ է եղել Մունդիալի ընտրական փուլի փլեյ-օֆֆին, իսկ այս տարի երրորդ դեպքն էր:

fastnews-ads-banner