Հայաստանի ազգային հավաքականը 2026թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտվեց հունգարացիներին: 5 տուրից հետո ՀՀ հավաքականն ընտրական մրցաշարի F խմբում 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
FastNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Հայաստանի ազգային հավաքականը 2026թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց, որը 4-րդն էր: Անցկացրած 5 հանդիպումներից 4-ում մեր ֆուտբոլիստները չեն գտել մրցակիցների դարպասի բանալին: Հայաստանի հավաքականը խփել է ընդամենը 2 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 10 գնդակ:
2. Տնային վերջին 6 հանդիպումներում հավաքականը 5 պարտություն է կրել (Հս. Մակեդոնիա՝ 0-2, Ֆարերներ՝ 0-1, Վրաստան՝ 0-3, Պորտուգալիա՝ 0-5, Հունգարիա՝ 0-1)՝ միակ հաղթանակը տանելով իռլանդացիների հետ աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում (2-1):
3. Վերջին 3 խաղերում Հայաստանի հավաքականին չի հաջողվել գտնել մրցակիցների դարպասի բանալին: Վերջին գոլը մեր ֆուտբոլիստները խփել են սեպտեմբերի 9-ին Երևանում իռլանդացիների հետ կայացած խաղի 51-րդ րոպեին: Աչքի էր ընկել Հրանտ-Լեոն Ռանոսը՝ հաղթանակ պարգևելով ՀՀ հավաքականին: Այնպես որ արդեն 309 րոպե շարունակ հավաքականում գոլային երաշտ է:

4. Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում 77-րդ խաղն անցկացրեց՝ կրելով 46-րդ պարտությունը: Այդ խաղերից միայն 14-ում է հաղթել մեր հավաքականը, 17 խաղ ավարտել է ոչ-ոքի, խփել է 63 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 152 գնդակ:
5. Հայաստանի հավաքականն իր գոյության 33 տարիների ընթացքում 268-րդ խաղն անցկացրեց՝ կրելով 147-րդ պարտությունը: Մնացած խաղերից 66-ում մեր հավաքականը հաղթել է, 55-ում գրանցվել է ոչ-ոքի: Խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությունը մրցակիցների օգտին է՝ 484-272:
6. Արդեն գրեթե 3,5 տարի է, ինչ հավաքականին չի հաջողվում դարպասն անառիկ պահել: Այդ ընթացքում անցկացրած 36 հանդիպումներում մրցակիցները Հայաստանի հավաքականի դարպասն ընդհանուր առմամբ 78 գոլ են խփել: Միայն 6-ում է հավաքականը հաղթել, նույնքան խաղ ավարտել է ոչ-ոքի, 24-ում պարտվել է, որից 7-ը՝ խոշոր հաշվով, խփել է 36 գոլ: Այս ցուցանիշը Հայաստանի հավաքականի պատմության մեջ յուրօրինակ հակառեկորդ է:
Վերջին անգամ հավաքականը գոլ բաց չի թողել 2022թ. հունիսի 4-ին Երևանում Իռլանդիայի հետ Ազգերի լիգայի խաղում (1-0), որում դարպասը պաշտպանում էր Դավիթ Յուրչենկոն:
7. Հավաքականի ներկայիս արդյունքը վատագույններից է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերում: Անցկացրած 5 խաղից հետո ավելի ցածր ցուցանիշ հավաքականն ունեցել է միայն 2006 (գլխավոր մարզիչ՝ Բեռնար Կազոնի) և 2010թթ. (Յան Պոուլսեն) աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերում՝ վաստակելով ընդամենը մեկական միավոր:
Իսկ լավագույն արդյունքը գրանցվել է Խոակին Կապառոսի օրոք 2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, որում հավաքականը 5 խաղում 10 միավոր էր վաստակել (Լիխտենշտեյն՝ 1-0, Իսլանդիա՝ 2-0, Ռումինիա՝ 3-2, Հս. Մակեդոնիա՝ 0-0, Գերմանիա՝ 0-6):

8. Հունգարացիների հետ անցկացրած 3-րդ խաղում էլ Հայաստանի հավաքականը պարտվեց՝ կրկին չգտնելով մրցակցի դարպասի բանալին: Հունգարիան այն 9 հավաքականներից մեկն է, որի դարպասը գրավել մեր ֆուտբոլիստներին առայժմ չի հաջողվել: Այդ երկրներից 7-ի հետ (Հորդանան՝ 0-0, ԱՄՆ՝ 0-1, Իսրայել՝ 0-2, Էկվադոր՝ 0-3, Պերու՝ 0-4, Մարոկկո՝ 0-6, Չիլի՝ 0-7) Հայաստանի հավաքականը մեկական անգամ է հանդիպել, իսկ հոլանդացիների հետ երկու խաղերում պարտվել է ընդհանուր 0-3 հաշվով:
Հունգարիան նաև այն 17 հավաքականներից մեկն է, որի հետ հանդիպումներում ՀՀ հավաքականը դեռ միավոր չի վաստակել: Առավել անհաջող մեր հավաքականը խաղացել է իսպանացիների (6 պարտություն 1-16 հաշվով), ֆրանսիացիների (5 պարտություն, 2-14) և գերմանացիների (5 պարտություն, 3-25) հետ հանդիպումներում:
9. Որոշ ընդմիջումից հետո Էդուարդ Սպերցյանը կրկին խաղադաշտ դուրս եկավ հավաքականի ավագի թևկապով: Նա 5-րդ խաղում կատարեց ավագի պարտականությունները: Առաջին անգամ Սպերցյանը հավաքականի ավագի թևկապը կրել էր 2023թ. հունիսի 16-ին Կարդիֆում Ուելսի հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում:

10. Կարեն Նալբանդյանը նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականում: Նա դարձավ հավաքականի կազմում մինչ օրս խաղադաշտ դուրս եկած 247-րդ ֆուտբոլիստը: Բացի նրանից, Եղիշե Մելիքյանի օրոք հավաքականում նորամուտն է նշել նաև Նարեկ Աղասարյանը, որը հունգարացիների հետ մրցավեճում 2-րդ խաղն անցկացրեց մեր ազգային թիմում:


